Տարին սկսվեց աներևույթ թշնամու դեմ պայքարով։ Նոր կորոնավիրուսը գրոհեց աշխարհը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնական ձևակերպում տվեց՝ համավարակ։
Եթե հավատանք «բիոլոգիական ահաբեկչություն» կոչված ձևակերպմանը, 21-րդ դարում մարդը ծնկեց իր իսկ ստեղծած չարիքի դեմ։
Խաղասեղանին դրված էր մարդկային կյանքը, իսկ երբ խոսքը մարդկային կյանքի մասին է, արդարացի են թվում բոլոր նախազգուշական միցոցներն ու սահմանափակումները՝ տանը փակվել, հեռավար աշխատել, հեռավորություն պահել, դիմակ կրել և այլն։
Աներևույթ թշնամու դեմ պայքարի ժամանակ մշակույթը եկավ օգնության՝ մարդկանց տանը մնալը տանելի դարձնելով։ Ավելի ուշ մշակույթը գտավ տարբերակներ ապրելու՝ բաց երկնքի տակ, փակ տարածքներում՝ պահպանելով համավարակի թելադրած կանոնները։
Սեպտեմբերի 25-26-ին Տավուշում սահմանապահ համայնքներում անցկացվում էր հերթական մշակութային իրադարձությունը՝ Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» փառատոնը, որին նախորդել ու հաջորդելու էին մշակութային այլ իրադարձություններ՝ «Երևանյան հեռանկարներ», Yerevan Jazz Fest , Ֆրեսկո...
Սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակմամբ, սկսվեց հայ-ադրբեջանական նոր պատերազմը։
Մշակույթը լռեց։ Մշակույթը դարձավ պատերազմ, պատերազմական, պատերազմի մասին։
Մշակութային հաստատությունները բարեգործական միջոցառումներ են իրականացնում, կեցության հնարավորություն ընձեռում, մշակույթի գործիչները խոսում են պատերազմի մասին, մեկնում են պատերազմ։
Դրսի անվանի արվեստագետները նույնպես իրենց աջակցությունն են հայտնում Արցախին։
Այս օրերին Արցախի մասին պատմող ֆիլմը հանվեց Մոսկվայի միջազգային կինոփառատոնից։ Հակամշակույթի ականատեսը եղանք, ադրբեջանա-թուրքական հերթական ճղճիմ քաղաքականության ականատեսը։
Թատրոնի, կինոյի մարդիկ, նկարիչները, գրողներն ասում էին՝ կյանքը համավարակից հետո նույնը չի լինելու։
Հիմա կյանքը պատերազմի միջով է անցնում։ Կամ պատերազմը՝ կյանքի։ Դեռ չենք հասցրել մտածել՝ ինչպիսին կլինի կյանքը նոր պատերազմից հետո։ Դրամատիկ այս պատմության հերոսները մենք ենք, հանդիսատեսը՝ աշխարհը։
Համավարակն էլ իր հերթին է նոր սրացումներ խոստանում՝ ի հեճուկս «խաղաղասեր» ու «մարդասեր» աշխարհի։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ